Էքհարթ Թոլե / Eckhart Tolle
«Ներկայի ուժը» բեսթսելերի հեղինակ գերմանացի Էքհարթ Թոլեն նախքան հանրահայտ հոգևոր ուսուցիչ դառնալը պարբերաբար տևական դեպրեսիաների մեջ էր ընկնում։ Դեպրեսիաներն ուղեկցում էին նրան մինչև այն պահը, երբ իր իսկ խոսքերով «ներքին տրանսֆորմացիայի» ենթարկվեց, որից հետո էլ նա դարձավ հոգևոր ուսուցիչ։
Էքհարթ Թոլեն ծնվել է 1948 թվականի փետրվարի 16-ին Գերմանիայի Լյունեն քաղաքում։ Նա ապրել է Գերմանիայում մինչև 13 տարեկանը, իսկ հետո տեղափոխվել Իսպանիա՝ հոր հետ ապրելու: Վերջինը որդու համար ընտրել էր տնային ուսուցումը։ Դպրոցական առարկաներից բացի՝ Թոլեն հետաքրքրված էր լեզուներով, փիլիսոփայությամբ և ստեղծագործությամբ։
1967 թվականին նա մեկնեց Անգլիա, որտեղ Լոնդոնի բիզնես դպրոցում սկսեց դասավանդել իսպաներեն և գերմաներեն։
Իր ուսմունքում Էքհարթ Թոլեն շատ բան է վերցնում քրիստոնեությունից, ինչպես նաև բուդդայականությունից և արևելյան փիլիսոփայական ուսմունքներից։