Էքհարթ Թոլեյի հեղինակած «Ներկայի ուժը» գիրքն ինքնակատարելագործման յուրատեսակ «աստվածաշունչ» է: Այն ներքին խաղաղություն գտնելու և հոգևոր լուսավորման ուղեցույց է։
Ներքին խաղաղություն, կենտրոնացում Ներկայի վրա և ինքներդ ձեզ ձեր մտքերի հետ չնույնացնելու ուժ. սրանք են գրքի հիմնական գաղափարները։ Բացի այդ՝ հեղինակը սովորեցնում է ինչպես անջատել ձեզ ձեր էգոյից՝ ուղեղի այն հատվածից, որ փորձում է կառավարել ձեր մտքերն ու վարքագիծը։ Նա պնդում է, որ այսպես դուք կսովորեք ընդունել Ներկան, նվազեցնել ձեր զգացած ցավը, բարելավել հարաբերություններն այլ մարդկանց հետ և, ընդհանուր առմամբ, ավելի լավ կյանքով ապրել։
Առաջին անգամ 1999 թվականին լույս տեսած այս գիրքը նաև Օփրա Ուինֆրիի թեթև ձեռքով դարձավ New York Times-ի բեսթսելեր և մշակութային ֆենոմեն։
Հաճախ մարդիկ կառուցում են իրենց կյանքը անցյալի կամ ապագայի շուրջ՝ Ներկան լիարժեք ապրելու փոխարեն։ Անցյալում արածների համար զղջալով կամ անհանգստանալով ապագայի համար, որ չենք կարող կառավարել՝ անիմաստ ժամանակ ենք վատնում։ Պետք է քայլեր ձեռնարկել մեր կյանքը բարելավելու, ավելի երջանիկ լինելու ու հոգևոր լուսավորման համար, նույնիսկ եթե հստակ չգիտենք՝ ինչպես անել դա։