Էմի Մորին / Amy Morin
Էմի Մորինը հոգեթերապևտ է և առավելապես զբաղվում է մարդկանց մեջ կամքի ուժ և տոկունություն ձևավորելու հարցերով: «13 բան, որ հոգեպես ուժեղ մարդիկ չեն անում» գրքից հետո նա ևս երկու՝ նույն թեմային առնչվող գիրք է հեղինակել՝ «13 բան, որ ուժեղ ծնողները չեն անում» և «13 բան, որ հոգեպես ուժեղ կանայք չեն անում»:
Եվ թեպետ Էմի Մորինը լիցենզավորված կլինիկական հոգեբան է, այնուամենայնիվ, իր առաջին գիրքը գրելու համար իր հաճախորդների հետ շփումները չէ, որ հիմք են հանդիսացել։ Ընդհակառակը, անձնական դառը փորձն է պատճառ դարձել գրքի ստեղծման համար։ Դեռևս շատ երիտասարդ էր, երբ մայրը մահացավ անևրիզմից, երեք տարի անց էլ ամուսինը՝ կաթվածից։ Եվ երբ տարիներ անց նրա երկրորդ ամուսնու հոր մոտ քաղցկեղ ախտորոշվեց, Մորինը որոշեց լինել պրոակտիվ և քայլեր ձեռնարկել իր մեջ տոկունություն ձևավորելու համար: Նա գրի առավ այն բոլոր սովորությունները, որոնք զարգացրել էր վիշտը հաղթահարելիս: Հենց դրանք էլ ընկած են «13 բան, որ հոգեպես ուժեղ մարդիկ չեն անում» գրքի հիմքում: Մորինը նշում է, որ ոգու ուժը ոչ այդքան ներքին կարողություն է, որքան հմտություն, որ պետք է զարգացնել: