Գյուստավ Լը Բոն / Gustave Le Bon
Գյուստավ Լը Բոնը ֆրանսիացի սոցիալական հոգեբան է, որ առավելապես հայտնի է ամբոխային վարքագծի ուսումնասիրություններով: Ի սկզբանե ուսանել է բժշկություն և ստացել դոկտորի կոչում, հեղինակել մի շարք աշխատություններ մարդաբանության և հնագիտության վերաբերյալ: Սակայն հետագայում նրա հետաքրքրությունների շրջանակը տեղափոխվել է դեպի հասարակական գիտություններ:
Իր ամենահայտնի աշխատությունում՝ 1895 թվականին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» գրքում, Լը Բոնն ուսումնասիրում է, թե ինչպես է փոխվում անհատի վարքագիծը, երբ նա խմբի մեջ է, ինչը հանգեցնում է անտրամաբանական քայլերի և զգացմունքների հիման վրա կայացրած որոշումների։ Նրա գաղափարները չեն կորցնում իրենց արդիականությունը մեր օրերում, երբ ամբոխային մտածողության ձևավորման վրա ազդող բազմաթիվ գործոններին գումարվել են տեխնոլոգիական միջոցները: Դրանք էլ ավելի են հեշտացնում ամբոխների կառավարումը՝ արագորեն փոխելով հանրային կարծիքը, ուղղորդելով այն: