Հել Էլրոդ / Hal Elrod
Սարսափելի ավտովթարից հետո 6 րոպե շարունակ Հել Էլրոդին մահացած էին համարում, իսկ այժմ նա կենդանի ապացույց է այն բանի, թե ինչպես կարելի է հաղթահարել անգամ ամենաանհաղթահարելի թվացող դժվարությունները։ Էլրոդը «Ընդունել կյանքն՝ ինչպես կա («Հել Էլրոդի պատմությունը»). ինչպես սիրել կյանքը, որ ունես, նախքան կստեղծես երազանքներիդ կյանքը» գրքի և այլ բեսթսելերների հեղինակ է, հայտնի խոսնակ և հաջողության հասնելու թեմայով Ամերիկայի ամենահայտնի թրեյներներից։
2012 թվականին լույս տեսած «Հրաշալի առավոտը» գրքում Հել Էլրոդը ներկայացնում է այն բոլոր հնարքները, որոնք օգնել են իրեն հաղթահարել ճակատագրական ավտովթարի հետևանքները։ Սեփական օրինակով նա հասկացել է, որ լիարժեք և հաջողակ կյանքով ապրելու գաղտնիքը ամեն օր ինքներս մեզ դեպի լավը փոխելուն ժամանակ տրամադրելն է։
1999 թվականին, երբ Էլրոդը ավտովթարի էր ենթարկվել, բժիշկները նրան հայտնեցին, որ հնարավոր է՝ նա այլևս երբեք չկարողանա քայլել։ Սակայն այդ նորությունը չցնցեց Էլրոդին, որ կյանքում առաջնորդվում է «հինգ րոպեի» կանոնով։ Դա նշանակում է, որ նա ընդամենը հինգ րոպե է թույլ տալիս իրեն՝ տրվելու բացասական էմոցիաներին։ Եվ քանի որ այդ իրավիճակում նա ոչինչ չէր կարող փոխել, որոշում է ինքնախղճահարությանը չտրվել։ Փոխարենը կենտրոնանում է դրական բաների վրա և շնորհակալ լինում ունեցածի համար։