Ջեյսոն Ֆանգ / Jason Fung

Բժիշկ Ջեյսոն Ֆանգը Նյու Յորք Թայմսի վարկածով բեսթսելերների հեղինակ է։ Նա ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական դպրոցը և Կալիֆորնիայի համալսարանի նեֆրոլոգիայի բաժինը: Տորոնտոյում հիմնել է ‹‹Սննդակարգի ինտենսիվ կառավարման ծրագիրը››, որն առաջարկում է երկրորդ կարգի դիաբետի բուժման և ավելորդ քաշից ազատվելու յուրօրինակ մոտեցում։ 

Ֆանգը նշում է, որ նեֆրոլոգիան փոքր-ինչ նման է մաթեմատիկայի. բժիշկն այստեղ ևս գործ ունի բազմաթիվ հավասարումների հետ:

Ջեյսոնի հիվանդների մեծ մասը տառապում է շաքարային դիաբետով և ավելորդ քաշի խնդիր ունի՝ երիկամային անբավարարության հետ միասին: Բժշկությամբ զբաղվելու առաջին յոթ տարիների ընթացքում նա նրանց բուժում էր ավանդական մեթոդներով. նշանակում էր ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգ և արյան շաքարի մակարդակի խիստ վերահսկում էր իրականացնում, ինչպես նաև դուրս գրում դեղամիջոցներ երիկամային խնդիրների դեմ: Սակայն 2007-2008 թվականներին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին դոկտոր Ֆանգի տեսակետները:

Այժմ Բժիշկ Ֆանգը պարզ լուծումներ է առաջարկում քաշի խնդիրների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի համար: Նա ասում է, որ պետք չէ մոլեռանդորեն կրճատել բոլոր ածխաջրերը. բավական է պահպանել հավասարակշռությունը, իմանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում օրգանիզմում և վերահսկել դրանք։ Սա հենց այն է, ինչ նա սովորեցնում է ընթերցողներին իր գրքերի միջոցով:

Գրքեր