Թոփ 7 հարց ու պատասխան, որոնք տրվում են հարցազրույցների ժամանակ

Թոփ 7 հարց ու պատասխան, որոնք տրվում են հարցազրույցների ժամանակ

հեղինակ` CareerVidZ / Քըրիը վիդ Զեթ

Ներբեռնեք հավելվածը՝ ունկնդրելու համար աուդիոգիրքը:

CareerVidZ (Քըրիը վիդ Զեթ)-ը յութուբյան ալիք է, որտեղ տրամադրվում են աշխատանք փնտրելու, կարիերայի առաջընթացի և հարցազրույցներին նախապատրաստվելու համար անհրաժեշտ խորհուրդներ։ Ալիքի հիմնադիրը Ռիչարդ ՄաքՄանն է։ Նա նաև կարիերայի և աշխատակիցների ընդունման թրեյնինգներով զբաղվող How2Become (Հաու թու բիքամ) ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Կարապը ներկայացնում է ալիքի ամենադիտված հոլովակներից մեկի՝ «Թոփ 7 հարց ու պատասխան, որոնք տրվում են հարցազրույցների ժամանակ» հոլովակի շորթքաստը։ Գնացի՜նք։ 1. Կպատմե՞ք ձեր մասին։ Վստա՛հ եղեք, որ կենտրոնացել եք ձեր մասնագիտական հմտությունների, այլ ոչ թե անձնական կյանքի վրա։ Ձեր կյանքը չի հետաքրքրում հարցազրույցը վարողներին։ Պատասխանի մեջ ներառե՛ք այսպես կոչված «ազդեցիկ բառեր», ինչպես, օրինակ՝ «մոտիվացված», «աշխատասեր», «ճկուն», «սթրեսակայուն», «գերազանց հաղորդակցման հմտություններ» և այլն։ Հստակ ցո՛ւյց տվեք, որ լրջորեն եք վերաբերվում գործին և մշտապես ձգտում եք բարելավել ձեր հմտություններն ու որակները լավագույն արդյունքներ ցուցաբերելու համար։ Սա լավ տպավորություն կթողնի հարցազրուցավարների վրա։ 2. Ինչո՞ւ եք ուզում աշխատել այստեղ։ Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի նկարագրությանը և այն տեղեկություններին, որոնք ստացել եք ընկերության կայքից։ Ցո՛ւյց տվեք, որ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել եք ընկերության գործունեությունը։ Բացի այդ՝ կարող եք նշել, որ տվյալ աշխատանքը նոր մարտահրավեր է ձեզ համար՝ մի բան, որը երկար եք փնտրել։ Պատմե՛ք նրանց այն հնարավորությունների մասին, որոնք տեսնում եք ընկերությունում։ 3. Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը։ Ընդգծե՛ք այն, ինչը տարբերում է ձեզ աշխատանքի համար դիմածների մեծամասնությունից, և նշե՛ք, թե ինչու եք դուք ավելի լավը նրանցից։ Բերե՛ք օրինակներ ձեր նախորդ աշխատանքից և պատմե՛ք, թե ինչպես եք հաղթահարել խնդիրները ձեր ուժեղ կողմերի օգնությամբ։ 4. Որտե՞ղ եք ձեզ տեսնում 5 տարուց։ Լավ միտք չէ հարցազրուցավարներին պատմելը, որ դուք մտադիր եք թողնել իրենց ընկերությունը։ Գրեթե բոլոր ընկերությունները մեծ արժեք են տալիս հավատարմությանը։ Նրանք ժամանակ և ռեսուրսներ են ծախսում ձեր թրեյնինգների ու մասնագիտական հմտությունների բարելավման վրա։ Ուստի ավելի քան բնական է, որ կակնկալեն իրենց ներդրման վերադարձը։ Փոխարենն ասացե՛ք նրանց, որ ձեր նպատակն է հնարավորինս սեղմ ժամկետում դառնալ բանիմաց ձեր պաշտոնում։ Կարող եք նաև նշել, որ ձգտում եք դառնալ ավելի փորձառու, ընդունվել թիմի կողմից, ինչպես նաև վայելել աշխատանքն ու երկարաժամկետ մնալ ընկերությունում։ 5. Որո՞նք են ձեր թույլ կողմերը։ Բոլորն էլ ունեն թույլ կողմեր։ Նրանք, ովքեր հարցազրուցավարներին հակառակն են պնդում, ստախոս են։ Այնուամենայնիվ, խուսափե՛ք այնպիսի թույլ կողմ նշելուց, որը կարևոր նշանակություն ունի տվյալ հաստիքի համար։ Փոխարենը կարող եք խոսել ձեր այնպիսի թույլ կողմի մասին, որն անմիջական կապ չունի ձեր աշխատանքի արդյունավետության հետ։ Կարող եք նաև հավելել, որ փորձում եք այդ թույլ կողմը վերածել ուժեղ կողմի և բարելավել ձեր ընդհանուր արդյունքները։ 6. Ի՞նչն է աշխատակցին դարձնում լավ թիմային խաղացող։ Բերե՛ք այնպիսի իրավիճակի օրինակ, երբ դուք հաջողությամբ հանդես եք եկել որպես թիմի անդամ։ Օգտվե՛ք STAR (Սթար) մեթոդից, որը ձեր պատասխանը կդարձնի հստակ ու կառուցվածքային։ STAR (Սթար)-ը հապավում է, որը բացվում է հետևյալ ձևով․ Situation (Սիթյուե՛յշն - իրավիճակ), Task (թասք - առաջադրանք), Action (է՛քշըն - գործողություն) և Result (րիզալթ - արդյունք)։ Այս գործիքի մասին առավել մանրամասն կխոսենք մեր KarappTool-երից մեկում։ ՄաքՄանն առանձնացնում է որոշակի գործոնների ցանկ, որոնք մարդուն դարձնում են լավ թիմային խաղացող՝ • գործին նվիրված առաջնորդի առկայությունը, • երկարաժամկետ նպատակների վրա կենտրոնացումը պահելու ունակությունը, • թիմակիցների հետ արդյունավետ հաղորդակցություն պահելը, • աջակցության ցուցաբերումը, • առաջադրանքը կատարելիս ցույց տված սխալներից սովորելով՝ հաջորդ անգամ ավելի լավը դառնալը։ 7. Կարո՞ղ եք աշխատել ճնշման տակ։ Այս հարցին պատասխանելիս հնարավորության դեպքում բերե՛ք իրավիճակային օրինակ, երբ դուք կարողացել եք լուծել սեղմագույն ժամկետներով բարդ առաջադրանքը։ Այս դեպքում ևս չմոռանա՛ք դիմել STAR (Սթար) մեթոդի օգնությանը։ Դե ինչ, պատրա՞ստ եք հարցազրույցի։

Փոդքաստներ և շորթքաստներ