Դեյվիդ Ալենը արդյունավետության հարցերով առաջատար խորհրդատու է և խոսնակ, որ առավել հայտնի է ժամանակի կառավարման «Ինչպես հասցնել բոլոր գործերը» մեթոդի ստեղծման համար։ Կնոջ՝ Քեթրինի հետ ղեկավարում է «Դեյվիդ Ալեն» ընկերությունը։ Ալենն աշխատել է բազմաթիվ ընկերությունների և անհատների հետ՝ օգնելով նրանց բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և գրանցել աճ։ Ալենը նաև մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Ինչպես հասցնել բոլոր գործերը․ առանց սթրեսի առավելագույնին հասնելը» բեսթսելերը, որը թարգմանվել է շուրջ 30 լեզվով։ Առաջին անգամ լույս տեսնելուց գրեթե 20 տարի անց այն համալրել է 21-րդ դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերի շարքը։ Հետագայում Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ լրացնելով իր դասական դարձած տեքստը նոր ու կարևոր մոտեցումներով, ինչի շնորհիվ գիրքը դեռ երկար տարիներ արդիական կմնա։ Ինչպես Դեյվիդ Ալենն է նշում, ձեր միտքը նախատեսված է գաղափարներ գեներացնելու, այլ ոչ թե դրանք պահելու համար։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» մեթոդը ցույց է տալիս մարդկանց իրենց միտքը մաքրելու հրաշագործ ուժը, որն օգնում է կարգուկանոն մտցնել քաոսում։