Իր «Նպատակը. անդադար կատարելագործվելու գործընթացը» հետաքրքրաշարժ բիզնես գրքում Էլիյահու Գոլդրատը ծանոթացնում է սահմանափակումների տեսության հետ։ Այս աշխատությունը հրաշալի գիրք է սկսնակ ձեռներեցների համար։ Դե իսկ պատմությունը նման կերպ փոխանցելու այս մոտեցումը, կարծում ենք, ավելի նախընտրելի ֆորմատ է, քան ավանդական բիզնես գրքերի մոդելը: «Նպատակը», թերևս, իր տեսակի մեջ առաջինն է գեղարվեստական-բիզնես գրականության ժանրում (եթե երբևէ նման բան եղել է)։ Պատմությունն ընթերցողին է փոխանցում հիմնարար սկզբունքներ, որոնք կարելի է կիրառել ոչ միայն մշտական բարեփոխումների միջոցով արտադրական ընկերությունն արդյունավետ ղեկավարելու, այլ նաև անձնական կյանքում արդյունավետության հասնելու համար։
Գիրքը ցույց է տալիս, թե ինչու են բազմաթիվ ավանդական համարվող ցուցանիշներն ու ինտուիցիայի վրա հիմնվելը սխալ։ Այստեղ նոր տեսանկյունից է դիտարկվում, թե որը պետք է լինի բիզնեսի նպատակը, և ինչն է կարևոր չափել ու վերահսկողության տակ պահել այդ նպատակին հասնելու համար։ Գլխավոր հերոսի անձնական և գործնական կյանքից վերցրած օրինակների միջոցով Գոլդրատը բացատրում է ծախսերի հաշվարկի ավանդական ձևերի թույլ կողմերն ու ընդգծում, թե հատկապես ինչին է կարևոր ուշադրություն դարձնել։ Կարճ ասած, ըստ հեղինակի, պետք է օպտիմալ կերպով օգտագործել ստացված եկամուտները, բարձրացնել արտադրողականությունը, կրճատել գործառնական ծախսերը և պահեստի մնացորդը։ Մեկ կարևոր հանգամանք. ցանկացած փոփոխություն անպայման պետք է ազդի բոլոր երեք նշված բաղադրիչների վրա՝ արտադրողականության, գործառնական ծախսերի և պահեստի մնացորդի։ Սխալ է ենթադրել, որ փոփոխությունը կարող է ազդել այս ցուցանիշներից միայն մեկի վրա: