Վախենու՞մ եք փոփոխություններից։ Չեք կարողանում պոկվել ձեր հարմարավետության գոտու՞ց։ Կամ, միգուցե, անորոշության զգացու՞մ եք ունենում, երբ հերթը հասնում է կարիերային, սիրային հարցերին կամ էլ կյանքին առհասարակ։
Դոկտոր Սպենսեր Ջոնսոնի «Ու՞ր է իմ պանիրը» գործում է բուժիչ դեղահաբի նման, վերը նշված իրավիճակներից որին էլ բախված լինեք։
«Ու՞ր է իմ պանիրը» պարզապես լավ գիրք չէ. հիշարժան պատմության մեջ այն ամփոփում է բազմաթիվ պարզ, բայց կարևոր կետեր, որոնք կարող են ուղեցույց ծառայել բոլորի համար։
Փոփոխությունն ամենուր է ու մշտապես տեղի է ունենում։ Եվ մենք ունենք ընտրություն. կա՛մ սպասել, մինչև հանգամանքներն իրենք իրենց վերադարձնեն մեր հարմարավետությունը, կա՛մ լինել պրոակտիվ և այնպիսի վարքագիծ դրսևորել, որ մեր հարմարավետության գոտին միշտ մնա մեզ հետ։
Իհարկե, այն, ինչ այսօր արդյունավետ է, պարտադիր չէ, որ վաղն էլ նույն արդյունավետությամբ գործի։ Միջավայրի փոփոխությանը զուգահեռ ձեր բիզնեսը նույնպես պետք է փոխվի, այլապես կմնաք ձեռնունայն։ Նույն սկզբունքը գործում է նաև կյանքի մյուս ոլորտներում։ Մարդկային հարաբերությունները նույնպես կայուն չեն, և ցանկացած պահի պետք է պատրաստ լինել փոփոխությունների։ Կյանքը պարբերաբար անակնկալ փոփոխություններ է մատուցում մեզ, բայց պետք չէ վախենալ դրանցից։ Ուստի հիշե՛ք՝ նույնիսկ երբ ամեն ինչ հրաշալի է թվում, մի՛ դադարեք նայել ձեր շուրջը, որպեսզի բաց չթողնեք նոր հնարավորությունները։