Քրիս Վոսի և Թալ Ռազի հեղինակած ‹‹Բանակցություններ առանց փոխզիջման›› գիրքը կոտրում է բանակցությունների մասին բոլոր կարծրատիպերը: Մարդիկ կարծում են, որ բանակցություններ ընթանում են միայն իրավաբանական գրասենյակների և տնօրենների խորհրդի սենյակների պատերից ներս։ Բայց ճշմարտությունն այն է, որ մարդիկ բանակցում են իրենց կյանքի բոլոր բնագավառներում։ Իսկապես, մենք ստիպված ենք բանակցել աշխատավայրում, տանը, մեր զուգընկերոջ և երեխաների հետ հարաբերություններում։
Կյանքն ինքնին բանակցությունների շղթա է, որոնց պետք է պատրաստ լինել․ մեքենա գնելիս, աշխատավարձի շուրջ բանակցելիս, տուն գնելիս, վարձակալության վճարը վերանայելու հարցով բանակցելիս, ձեր զուգընկերոջ հետ քննարկումներ անելիս և այլ իրավիճակներում դուք բանակցում եք։ «Բանակցություններ առանց փոխզիջման» գիրքը նոր մակարդակի է հասցնում էմոցիոնալ ինտելեկտն ու ինտուիցիան՝ տալով ձեզ մրցակցային առավելություն ցանկացած քննարկման ժամանակ։
Ժամանակակից բանակցային ռազմավարությունները, որոնք դասավանդվում են բիզնես դպրոցներում, սովորաբար կենտրոնանում են հետևյալ դասական կանոնի վրա․ բանակցություններում պետք է բացառել էմոցիաներն ու անտրամաբանական վարքագիծը։ Իրականում, սակայն, բոլոր բանակցությունները ներառում են էմոցիոնալ գործոններ և անտրամաբանական արձագանքներ։
Հաջող ելքով բանակցությունն ավելին է, քան պարզապես մաթեմատիկական տրամաբանությունն ու սուր միտքը։ Չէ՞ որ մարդիկ միշտ չէ, որ ռացիոնալ են․ նրանք հաճախ չեն կարողանում գործել տրամաբանության սահմաններում։ Ամեն ինչ էլ ավելի է բարդանում այն հանգամանքի պատճառով, որ մարդիկ ոչ միշտ են կանխատեսելի։ Նրանք հաճախ գործում են՝ հիմնվելով իրենց կենդանական բնույթի վրա, որը իռացիոնալ է, ինքնաբուխ և փոքր-ինչ բնազդային։