Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար...»: Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել... Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան թաքնված: Եվ մեր հոգու խորքում գիտակցում ենք, թե որն էր այդ փոքրիկի առաքելությունը... Տեսնում ենք մի մանուկ, ով կարող էր անապատում ջուր բխեցնել, ով ամբողջ հոգով էր սիրում ու նվիրվում, ով հասկանում էր սրտի լեզուն և ով գիտեր հոգևոր բաները... Սենտ-Էքզյուպերին ամբողջ կյանքում իր հետ տարավ իր Փոքրիկ իշխանին, կյանքի ոչ մի խաչմերուկում մենակ չթողեց նրան և ապրեց նրա պես` պատրաստ ընկերոջ համար կյանքը տալու, երբեք մարմինը հոգուց բարձր չդասելով, հայրենիքը սիրելով, հոգով երեխա մնալով և երազելով, ընկնելով ու ճախրելով... Հիրավի, մտքով ազատ էր «Թռչունների նավապետը»: Եվ նա մի վերջին անգամ ճախրեց, ճեղքեց սպիտակ ամպերն իր ինքնաթիռով և սուրաց դեպի շողշողացող աստղերը` դեպի խոստումնալից անհայտություն... Չեմ կարծում, թե հավերժության մեջ Սենտ-Էքզին շատ հարցեր կտան. բավական է տեսնել այն բոլոր սրտերը, որոնք նա լցրեց ջերմությամբ և որոնց հիշեցրեց սիրելու արվեստը...