Երբեմն նույնիսկ մեզնից ամենախելացիներն են իրենց հիմար զգում, երբ փորձում են հասկանալ՝ լույսի որ անջատիչին է պետք սեղմել, կամ գազօջախի որ սալիկն է պետք միացնել, դուռը բացելու համար այն հրել է պետք, թե դեպի ձեզ քաշել և այլն: Խնդիրն ապրանքների դիզայնի մեջ է, որն անտեսում է օգտվողների պահանջմունքները և կոգնիտիվ հոգեբանության սկզբունքները:
«Սովորական իրերի մատուցումը» ամերիկյան բեսթսելեր է, որը ներառում է դիզայներական լավ և վատ մոտեցումների օրինակներ, ինչպես նաև պարզ կանոններ առարկաների կիրառելիությունը բարձրացնելու համար:
Լավ դիզայնն աննկատ է: Դրա նպատակն է ուղղություն ցույց տալ սովորական իրերից օգտվողներին՝ ճիշտ պահին ճիշտ գործողության մղելով: Մյուս կողմից՝ վատ դիզայնը ճչացող է, անհարմարությունը՝ խիստ ակնառու:
Ժամանակը կփոխի իրերն ու գործիքները, դրանցից օգտվելու մշակույթը, տեխնոլոգիաները, բայց մատուցման սկզբունքները կմնան անփոփոխ: Պատճառն այն է, որ չի փոխվում մարդու հոգեբանությունը, հետևաբար՝ դրա վրա հիմնված դիզայնը նույնպես չի կարող փոխվել:
Գրքի հիմքում ընկած է հեղինակի՝ Դոնալդ Նորմանի՝ մարդակենտրոն դիզայնի սկզբունքը: Մեծ ուշադրություն պետք է դարձնել սովորական իրերի մատուցմանը՝ վստահ լինելով, որ դրանք ծառայում են մարդկանց կարիքներին ու համապատասխանում են նրանց ունակություններին: Պարզ ասած՝ սովորական իրերը մատուցե՛ք այնպես, որ դրանք ծառայեն մարդկանց, այլ ոչ թե հակառակը:
Նորմանը հստակ կարծիք ունի «մարդկային սխալի» վերաբերյալ. փաստացի, մարդկային սխալները պարզապես սխալ մատուցման հետևանք են: Ըստ նրա՝ առանց մարդկանց խորությամբ ճանաչելու նախագծված իրերը դատապարտված են սխալ լինելու, դժվարությամբ կիրառվելու, անհասկանալի լինելու: Լուծումը մարդակենտրոն մոտեցումն է. դիզայն, որը մշակված է մարդու համար և նրա մտածողությանը համապատասխան: