«Էմոցիոնալ ինտելեկտ 2.0» գիրքն ընթերցողներին առաջարկում է գործիքակազմ և ուղեցույց՝ իրենց էմոցիոնալ ինտելեկտը բարձրացնելու համար, որը, ըստ հեղինակների, կարող է օգտակար լինել ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական հարաբերություններում։
Ի տարբերություն IQ-ի՝ մտավոր զարգացման գործակցի, էմոցիոնալ ինտելեկտի ցուցանիշը՝ EQ-ն՝ կարելի է նշանակալիորեն ավելացնել ջանքեր գործադրելու դեպքում։ Մեր ուղեղի կառուցվածքն այնպիսին է, որ ցանկացած իրավիճակին առաջին արձագանքն էմոցիոնալ է, բայց միայն մարդկանց 36%-ն է ունակ հստակորեն նկատել ու ճանաչել իր սեփական էմոցիաները՝ դրանց ի հայտ գալուն պես։
Եվ այսպես, իրականում ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։ Ըստ հեղինակների՝ «Էմոցիոնալ ինտելեկտը ձեր ունակությունն է ճանաչել և հասկանալ ինքներդ ձեր և մյուսների էմոցիաները, ինչպես նաև օգտագործել այդ գիտելիքը ձեր վարքագիծն ու հարաբերությունները կառավարելու համար»։
Բարելավելով ձեր էմոցիոնալ ինտելեկտը, որը գրքի ընդհանուր նպատակն է՝ դուք կնկատեք վերահսկողություն ունենալու զգացողություն և առաջընթաց կյանքի շատ ոլորտներում։
Դուք ունակ եք բարձրացնել ձեր էմոցիոնալ ինտելեկտի մակարդակը: Կենտրոնացեք նախ ձեր զգացմունքներն ու պահվածքը հասկանալու և վերահսկելու վրա, այնուհետև՝ կառուցեք ձեր հարաբերություններն այլ մարդկանց հետ՝ ուշադրություն դարձնելով մարմնի լեզվին և յուրաքանչյուր մարդու վերաբերվելով անհատապես: Հավասարակշռեք ձեր զգացմունքները ռացիոնալ մտածելակերպով և երբեք մի դադարեք ինքնակատարելագործվել՝ հետադարձ կապի միջոցով: Երբ ունեք էմոցիոնալ ինտելեկտի բարձր մակարդակ, ոչ միայն ուրիշներին եք լավ հասկանում, այլ նաև ինքներդ ձեզ:
Այլ մարդկանց մտքերը լսելն ու նրանց զգացմունքները կարդալը էմոցիոնալ բարձր ինտելեկտ ունենալու բաղկացուցիչ մասն է: Այնպես որ՝ ուշադի՛ր լսեք դիմացինին. դա ոչ միայն ձեզ ավելի լավ պատկերացում կտա մարդու մտածելակերպի մասին, այլ նաև ցույց կտա, որ հոգ եք տանում նրա մասին ու հաշվի եք առնում նրա մտքերը: