Իր վեցերորդ գրքում գործարար և ներդրող Գարի Վայներչուկն ուսումնասիրում է այն տասներկու էմոցիոնալ հմտությունները, որոնք իր բիզնեսի
և անձնական հաջողությունների անբաժան մասն են կազմում։ Բացի այդ՝ նա ներկայացնում է այս հատկանիշները ձեռք բերելու գործիքներ, որոնք օգտակար կլինեն նորօրյա ու վաղվա առաջնորդների համար։
Տասնամյակներ շարունակ որոշումներ կայացնելիս առաջնորդները հույսը դրել են զուտ մասնագիտական հմտությունների վրա՝ միաժամանակ անտեսելով էմոցիոնալ ինտելեկտի կարևորությունը։ Սոֆթ հմտությունները, ինչպես ինքնաճանաչողությունն ու հետաքրքրասիրությունը, հաշվելի չեն։ Դրանք չես կարող ներկայացնել քանակական տվյալների տեսքով ու դասավանդել դպրոցներում ու համալսարաններում։ Մեզ միշտ ասել են, որ բիզնեսում էմոցիոնալ ինտելեկտը հաճելի առավելություն է, բայց ոչ պարտադիր պայման։ Մինչդեռ Գարի Վայներչուկը պնդում է, որ սոֆթ հմտությունները կարող են արագություն հաղորդել բիզնեսի հաջողությանը։
Ըստ Վայներչուկի՝ առանցքային էմոցիոնալ հատկանիշներն են երախտագիտությունը, ինքնաճանաչողությունը, պատասխանատվությունը, լավատեսությունը, ապրումակցումը, բարությունը, հաստատակամությունը, հետաքրքրասիրությունը, համբերատարությունը, ինքնավստահությունը, համեստությունն ու նպատակասլացությունը։ Ինչպես հեղինակն է նշում, երբ դիտարկեք այս հմտությունների առկայությունը ձեր կյանքում, կպարզվի՝ մեկը կամ մի քանիսը «կիսատ» են։ Այլ կերպ ասած՝ դեռևս ամբողջությամբ իրացված չեն, և հավելյալ ջանքեր են պահանջվում դրանք բարելավելու համար։