1964 թվականին լույս տեսած «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գրքում Էրիկ Բեռնը հետազոտում է սոցիալական վարքագծի շեղումները: Այս շեղումները նա անվանում է խաղեր, որոնք մարդիկ խաղում են միմյանց հետ շփումներում:
«Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ վերնագիրը դարձել է թևավոր խոսք:
Խաղերը կյանքի սցենարներ են, որոնք կանխորոշում են մարդու վարքագիծը, շրջապատի հետ շփումների ձևերը: Գուցե չենք գիտակցում, բայց մարդկանց մեծ մասը միշտ ինչ-որ խաղ է խաղում: Հեղինակի մշակած համակարգը կսովորեցնի ավելի քիչ «խաղալ» և կնպաստի անձնական աճին:
Խաղերը փոխարինում են իրական մտերմությանն ու խոցելիությանը: Հաճախ, երբ մարդիկ փորձում են ինչ-որ խաղ սկսել, օրինակ՝ ձգտելով հավանության արժանանալ մյուսներին օգտակար լինելու միջոցով, և նրանց ջանքերը չեն փոխհատուցվում, նրանք խոր հիասթափություն են ապրում ու գուցե էլ ավելի մեծ ջանքեր սկսեն գործադրել: Մարդիկ տարատեսակ կոնֆլիկտների մեջ են ներքաշվում՝ առանց հասկանալու, թե ինչ պատճառներ են ընկած իրենց կամ մյուս կողմի վարքագծի տակ: Տրանզակցիոն վերլուծությունը՝ հոգեբուժության ճյուղ, որի ներկայացուցիչներից է Բեռնը, կարող է օգնել ձեզ բացահայտել այն խաղերը, որոնք խաղում են մարդիկ, և ավելի հեշտությամբ ընկալել օբյեկտիվ իրականությունը միջանձնային հարաբերությունների համատեքստում: