19-րդ դարի կեսին գրված «Կապիտալը» հիմնականում նկարագրում է կապիտալիստական համակարգի գործունեությունը, և թե ինչպես, Մարքսի պնդմամբ, այն կկործանի իրեն։ Կենդանության օրոք նա հասցրել է ավարտել «Կապիտալի» միայն առաջին հատորը, թեև նախատեսում էր, որ աշխատությունը պետք է բազմահատորանոց լինի։ Հետագայում նրա նյութերի հիման վրա Էնգելսը լրացրել և տպագրության է հանձնել նաև 2-րդ և 3-րդ հատորները։
Մարքսը «Կապիտալն» անվանել է իր կյանքի գործը։ Առաջին հատորը նվիրված է կապիտալի արտադրության գործընթացի վերլուծությանը, երկրորդը՝ շրջանառությանը, երրորդը՝ կապիտալիստական արտադրությանն ընդհանուր առմամբ։
«Կապիտալը» հեղինակի գաղափարները փաստերով ու գիտական վերլուծություններով հիմնավորելու փորձ է։ Այն երեսուն տարվա աշխատանքի և Մարքսի՝ արդյունաբերական հեղաշրջման պիկին անգլիական գործարանների աշխատանքային պայմանների ուսումնասիրության պտուղն է։ Ուստի այն մասամբ պատմական, մասամբ՝ տնտեսական, որոշ չափով էլ՝ սոցիոլոգիական աշխատություն է։
Քաղաքական տեսանկյունից հակասական այս գրքում շարադրված եզրակացությունները մինչ օրս բուռն քննարկումների տեղիք են տալիս։ Այնուամենայնիվ, «Կապիտալը» փիլիսոփայական մեթոդի և պատմատնտեսական տեղեկությունների ստեղծարար համադրման հիանալի նմուշ է, որը նորովի է վերարտադրում պատմությունը։