«Արդյունավետ գործարքներ կնքելու համար լավագույն հնարավորությունները ստեղծվում են հենց վատագույն ժամանակներում»։
Դոնալդ Թրամփ
«Գործարքներ կնքելու արվեստը» առաջին անգամ լույս է տեսել 1987 թվականին։ Ինչպես նկատեցիք, գիրքը գրվել է Թրամփի՝ նախագահական ընտրություններին մասնակցությունից դեռ շատ տարիներ առաջ։ Այստեղ շեշտը դրվում է Թրամփ գործարարի և նրա՝ միլիարդատեր դառնալու ճանապարհի վրա։ Գրքում բացահայտվում են նրա ամենախոշոր գործարքները, դրանց ժամանակ կիրառած բանակցային հնարքները, ինչպես նաև, թե ինչպես է նա վարում բրենդինգը, մարքեթինգը և ապահովում կապը հանրության հետ։ Գիրքն ամփոփում է Թրամփի՝ հաջողության հասնելու գաղտնիքները։
Իր տարատեսակ նախաձեռնությունների օրինակով Թրամփը մանրամասն ներկայացնում է սեփական սխալները և հաջողությունները։ Նա կիսվում է այն մտքերով ու ռազմավարական որոշումներով, որոնց արդյունքում դարձել է Միացյալ Նահանգների ամենահայտնի մեծահարուստներից մեկը։ Թրամփը ոչ միայն արժեքավոր դասեր է տալիս ներդրումների և հաջողության հասնելու մասին, այլև մանրամասն անդրադառնում է բիզնես հարաբերություններին և հոգեբանությանը։
Համաձայնե՛ք, որ շատ բան կարող ենք սովորել մի մարդուց, որ շփումների և հանրային գործունեության վարպետ է։ Չես կարող պատահականության արդյունքում հաղթել փորձառու քաղաքական գործիչներին։ Չես կարող հաջողություններ ունենալ անշարժ գույքի, հեռուստատեսության և քաղաքականության ոլորտում, եթե որոշ բաներ չիմանաս հաջողակ դառնալու մասին։