Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են աշխարհի որոշ ղեկավարներ կարողանում պահպանել իրենց բացարձակ իշխանությունը՝ չնայած նրանց կողմից մարդու իրավունքների խախտումներին և միջազգային իրավունքի ոտնահարումներին։ Մաքիավելին այդ հարցին նման պատասխան կտար. այդ ղեկավարները իշխանություն կոչվող քաղաքական խաղի վարպետ են։
Քաղաքական իշխանության հասնելու այս ուղեցույցը գրվել է 1513 թվականին, երբ Մաքիավելին աշխատում էր Ֆլորենցիայում որպես քարտուղար։ Գիրքը անմիջապես քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։ Դրա կենտրոնական թեման այն է, թե ինչ պետք է անեին Վերածննդի շրջանի ղեկավարները, եթե ցանկանում էին գերիշխանության հասնել։ Ըստ հեղինակի՝ ուժեղ պետությանը պետք է ղեկավար, որ ունակ է ամեն գնով պահել իր իշխանությունը։ Մաքիավելին պնդում է, որ ղեկավարը կարող է խաբել, թակարդը գցել, ճնշել և նույնիսկ սպանել իր հակառակորդներին, եթե այդ քայլերը ծառայում են պետականության կայունությանը։ Անկասկած, այս աշխատությունը բավական կլիներ հեղինակին չարագործություններ խրախուսելու մեջ մեղադրելու համար։ Սակայն Մաքիավելին դաժանության ջատագով չէ։ Ոչ էլ արդարացնում է դաժանության ցանկացած դրսևորում։ Այնուամենայնիվ, պետական կառավարման փորձը ուսումնասիրելիս Մաքիավելին չի առաջնորդվում նաև բարոյականության քրիստոնեական սկզբունքներով։ Ի վերջո, 16-րդ դարում առաջ քաշվեց «մաքիավելիական» եզրույթը, որով բնորոշում էին խորամանկ, դաժան բռնակալին, որ իր նպատակին հասնելու համար դիմում է ցանկացած միջոցի։
Մաքիավելին ընդգծում է, որ տիրակալները պետք է սովորեն լավ արժանիքներ դրսևորել, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն մի կողմ թողնելու բարությունը, գթասրտությունը և ազնվությունը՝ իրենց իշխանությունը պահպանելու և ընդլայնելու համար։