Արիստոտելի՝ մեզ հասած աշխատություններից է «Հռետորական արվեստը», որում նա մանրամասնորեն շարադրում է իր մտքերն այս գիտության վերաբերյալ: Կազմված է երեք գրքից, որոնցում ոչ միայն ընդհանրական անդրադարձ է կատարվում հռետորաբանությանը, այլ նաև ներկայացվում է համոզիչ խոսքի կարևորությունը: Գրքում հեղինակը բացահայտում է նաև խոսքի միջոցով մարդու վրա ազդելու մեթոդները:
Առաջին գրքում ուսումնասիրվում է հռետորաբանության առարկան, որը սահմանվում է որպես ցանկացած թեմայի վերաբերյալ համոզիչ միջոցներ գտնելու ունակություն:
«Հռետորական արվեստի» երկրորդ գրքի սկզբում բերվում են այն պատճառները, որոնք վստահություն են առաջացնում խոսողի նկատմամբ: Դրանք են խելքը, առաքինությունն ու բարեհաճ տրամադրվածությունը: Եթե լսողներին թվում է, որ հռետորն օժտված է այս բոլոր հատկանիշներով, նրանք անպայմանորեն վստահում են նրան:
Երրորդ գիրքը նվիրված է բուն խոսքին: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ոճին: Դա պետք է համապատասխանի խոսքի թեմային:
Հռետորության մասին այս 2500-ամյա աշխատությունը շարունակում է համարվել թեմայի շուրջ երբևէ գրված ամենախորաթափանց ու համապարփակ ստեղծագործություններից մեկը:
«Հռետորական արվեստը» աշխատության միջոցով Արիստոտելին հաջողվել է փոխանցել արժեքավոր տեղեկություններ ու պարզ խորհուրդներ, որոնք յուրաքանչյուրին կարող են վերածել հմուտ հռետորի: Արիստոտելը ներկայացնում է էթոսի, պաթոսի և լոգոսի կոնցեպտները՝ որպես խոսքը համոզիչ դարձնելու մեթոդներ: Բացի այդ՝ նա կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ ճշմատությունն է ընկած ցանկացած հանրային խոսքի հաջողության հիմքում: