Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» սահմանում է հարատև սկզբունքներ` վաճառքներում և անձնական կյանքում հաջողության հասնելու համար։ Այն բոլոր ժամանակների լավագույն գրքերից է, որն ուղղված է վաճառքի ոլորտում ինքնակատարելագործմանը։ Թարգմանվել է 22 լեզուներով, այդ թվում՝ հայերենով։
Գիրքը բացահայտում է դժվարությունները հաղթահարելու, սեփական ուժերի նկատմամբ հավատ ձեռք բերելու և բարեկեցիկ կյանք ունենալու գաղտնիքները։
Կապ չունի՝ վաճառական եք, թե ոչ, ձեր գործունեությունը կոմերցիոն է, թե ոչ, կյանքի որոշակի պահերին դուք նույնպես վաճառում եք։ Անկախ մեր մասնագիտությունից՝ բոլորս էլ ինչ-որ չափով պետք է վաճառական լինենք։ Մարքեթինգի կամ վաճառքի մասնագետների համար, բնականաբար, վաճառքի հմտություններին տիրապետելը աշխատանքի մաս է կազմում։ Զարմանալի է, սակայն մնացած մարդիկ նույնպես իրենց ժամանակի մի զգալի մասը ծախսում են՝ փորձելով ինչ-որ բան վաճառել, օրինակ՝ սեփական հմտությունները աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ, իրենց կարծիքը սոցիալական ցանցերում և այլն։
Գրքի սյուժեն պտտվում է աղքատ ուղտապան տղայի՝ Հաֆիդի շուրջ, որ, ի վերջո, ստեղծում է իր ժամանակի ամենահզոր առևտրային կայսրությունը և ճանաչվում աշխարհի մեծագույն վաճառական։
Պատանի Հաֆիդը չէր ցանկանում բավարարվել ուղտապան լինելով։ Նա ցանկանում էր վաճառական դառնալ։ Հաֆիդի մենթորը՝ այդ երկրի մեծագույն վաճառականը, նրան է հանձնում 10 հնագույն գալարներ, որոնք պարունակում էին վաճառքի համար խիստ կարևոր դասեր։ Գալարները ստանալու պատվին Հաֆիդը արժանանում է այն բանի շնորհիվ, որ մանուկ Հիսուսին էր տվել վաճառելու համար նախատեսված հագուստը։ Հետագայում նա կիրառում է գալարներում ներկայացված հարուստ և երջանիկ դառնալու սկզբունքները։ Գրքի վերջում մահվան շեմին գտնվող Հաֆիդը գալարները փոխանցում է Պողոս առաքյալին։ Վերջինն օգտագործում է դրանք աշխարհում քրիստոնեությունը տարածելու համար։
Գալարներում նշվում է, որ վաճառքի աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են անձնական կարգապահություն, հավատ սեփական ուժերի և Աստծո նկատմամբ։