Միտքը էներգիայի ամենանուրբ ու դինամիկ տեսակներից է, որն ունակ է փոխել շրջապատող աշխարհը։ Դրա ապացույցն են մեր մտավախությունների իրականացումն ու նվիրական երազանքների կատարումը։ Այս փաստը մեր առջև բացում է անսահման հնարավորություններ։ Պատկերացրե՛ք, դուք ինքներդ կարող եք ստեղծել ձեր իրականությունը՝ միայն փոխելով մտածելակերպը և ենթագիտակցությունում ձեզ անհրաժեշտ հրահանգները սահմանելով։ Մեր մտքերի ընթացքը գործի է դնում էներգիայի մի ամբողջ շղթա, որի արդյունքում փոխվում է իրադարձությունների մեխանիզմը։
Մի պարզ օրինակ դիտարկենք. մեքենան կառավարելու համար կարիք չկա մանրամասնորեն իմանալ, թե ինչպես է այն կառուցված ներսից։ Նույն կերպ էլ ենթագիտակցությունը ճիշտ օգտագործելու ու դրա օգնությամբ սեփական իրականությունը ստեղծելու համար կարիք չկա հայտնաբերել դեռևս չուսումնասիրված ու անպատասխան գաղտնիքները։ Բավական է ընդամենը ճիշտ աշխատել ենթագիտակցության հետ։ Այդ գործում կօգնի Քեհոյի այս գիրքը, որում ընդգրկված են հեղինակի 25 տարվա ուսուցանման փորձի արդյունքները։