2017թ. լույս տեսած ‹‹Սկզբունքներ. Կյանք և աշխատանք›› գրքում Ռեյ Դալիոն նկարագրում է իր հիմնարար մեթոդները, որ զարգացրել է որպես ներդրող իր կարիերայի ընթացքում։ Դալիոն հավատում է, որ այս սկզբունքներն իրենց կյանքում կիրառելով՝ ընթերցողները կարող են բարելավել իրենց հարաբերությունները, թիմային որոշումների կայացումը և ավելի հեշտությամբ հարմարվել փոփոխվող հանգամանքներին։
Էվոլյուցիան բնության ամենակարևոր շարժիչ ուժն է։ Մարդու կյանքի համատեքստում դիտարկելիս էվոլյուցիա նշանակում է սովորել սխալներից։ Դա երբեմն կարող է ցավոտ գործընթաց լինել, բայց անհրաժեշտ է դիմագրավել այդ ցավին, որպեսզի իրագործեք ձեր նպատակներն ու շարունակաբար առաջընթաց գրանցեք։
Շատ մարդիկ առանց երկար մտածելու վերցնում են արդեն իսկ պատրաստի սկզբունքներ իրենց ծնողներից, ուսուցիչներից կրոնական համակարգից կամ էլ այլ ազդեցիկ անձանցից։ Գոյություն ունի ռիսկ, որ այդ սկզբունքները չեն համընկնի ձեր սեփական արժեքների հետ, դե իսկ ձեր էության հետ անհամատեղելի սկզբունքներով շարժվելը կհանգեցնի արժեքների և գործողությունների միջև հակասության:
Որպեսզի վստահ լինեք, որ ձեր սկզբունքներն ու արժեքները ներդաշնակ են, անհրաժեշտ է.
1. Սահմանել, թե ինչ եք ուզում,
2. Ինքներդ ձեզ հարցնել՝ ի՞նչն է ճիշտ,
3. Պլանավորել, թե ինչ պետք է անել՝ հասնելու համար առաջին կետին՝ հաշվի առնելով երկրորդ կետը։
Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ, կշռադատված որոշումներ։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ունեք ձեր արժեքների վրա հիմնված հուսալի սկզբունքներ։