Սեփական բիզնեսով զբաղվելու սկզբնական փուլում մարդիկ մեծ ակնկալիքներ են ունենում։ Նրանք մտածում են, որ սեփական գործը ֆինանսական անկախություն ու ազատություն կտա իրենց, և հենց իրենք կլինեն իրենց կյանքի տերը։ Բազմաթիվ գործարարներ կփաստեն, որ նույնիսկ այն ժամանակ, երբ բիզնեսը սկսում է թափ հավաքել ու եկամուտներ բերել, ազատ գումարներ գրեթե չեն մնում։ Եկամտի մեծ մասը ծախսվում է պետական հարկերի, միջնորդավճարների և աշխատավարձերի վրա։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բիզնեսը կարող է դրամական մեծ հոսքեր ապահովել՝ սեփականատերը կարող է ընկնել պարտքերի մեջ աշխատակիցներին վարձատրելու, մատակարարումները ապահովելու և բիզնեսի ընթացքը չկանգնեցնելու համար։ Իսկ խնայողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ձեր բիզնեսը, որ պետք է ազատություն պարգևեր ձեզ, վերածվում է հրեշի, որ խժռում է ձեր ժամանակը, փողը և էներգիան։
Գրքի հեղինակը սեփական մաշկի վրա է զգացել սա։ Մայք Միկալովիցը հանկարծ գիտակցել է, որ իր մոտ ազատ դրամական միջոցներ հայտնվում են միայն այն ժամանակ, երբ վաճառում է բիզնեսը։ Մի անգամ էլ, երբ նրա բիզնեսը սնանկացման եզրին էր, մի հանճարեղ միտք է անցնում նրա գլխով. Մայքը որոշում է փորձել մի նոր մեթոդ, որն անվանում է «Նախևառաջ՝ շահույթ»։ Այս մեթոդը օգնել է ոչ միայն Միկալովիցին, այլ նաև բազմաթիվ այլ գործարարների, որոնք հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում։ Սա շատ պարզ և արդյունավետ համակարգ է, որ սովորեցնում է՝ ինչպես կառավարել ձեր ֆինանսները չսնանկանալու և բիզնեսի աճ ապահովելու համար։