Երբևէ մտածե՞լ եք արժեթղթերի շուկայում ներդրումներ անելու մասին։ Թերևս մեզնից շատերն են լրջորեն մտածել այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը չի խիզախում մտքից գործի անցնելու. ֆինանսական ճգնաժամերը, արժեթղթերի վաճառքը դրանց շուկայական գնից անհամեմատ բարձր գնով ու տնտեսական անկումները, որոնց ականատեսն ենք լինում ամեն օր, հետ են պահում մեզ վճռական քայլերից։
Իսկ մի՞թե չկա արժեթղթերի շուկայում ներդրումներ անելու տարբերակ, որը ձեզ չի կանգնեցնի ամեն ինչ կորցնելու ռիսկի առաջ։ Կա, և դա խելացի ներդրումն է։ Այս հասկացությունը առաջին անգամ առաջ է քաշվել 1949 թվականին Բենջամին Գրեհեմի կողմից և ենթադրում է երկարաժամկետ, պակաս ռիսկային մոտեցում արժեթղթերի շուկայում ներդրումներ անելիս։ Փորձը ցույց է տվել, որ այս մեթոդը, իսկապես, աշխատում է։
«Խելացի ներդրողը» գրքի լույս տեսնելուց հետո տասնամյակներ շարունակ շատերը կիրառել են Գրեհեմի մեթոդներն ու հարստություն կուտակել։ Նրանց թվում, թերևս, ամենահայտնին Ուորեն Բաֆեթն է։ Բաֆեթի խոսքերով՝ «Սա լավագույնն է ներդրումների մասին երբևէ գրված բոլոր գրքերից»։
Բենջամին Գրեհեմի «Խելացի ներդրողը. արժեթղթերի շուկայում ներդրումների ամբողջական ուղեցույց» գրքում մանրամասն ներկայացվում են ներդրումային պորտֆելի ստեղծման, ծախսերի կառավարման, բաժնետոմսերի ու պարտատոմսերի թողարկման և բաժնետոմսեր ձեռք բերելու սկզբունքները, որոնք կիրառում է զգուշավոր և երկարաժամկետ կտրվածքով մտածող ներդրողը։
Բենջամին Գրեհեմի «Խելացի ներդրողը» գրքի հիմնական գաղափարն ամփոփված է հենց վերնագրի մեջ. ներդրողները պետք է կայացնեն իրենց ֆինանսական որոշումները՝ հիմնվելով բանականության, այլ ոչ թե էմոցիաների վրա։ Ընդ որում, ըստ հեղինակի, բանականություն դրսևորելն ավելի շատ բնավորության գիծ է, որ կապ չունի մարդու ինտելեկտուալ մակարդակի հետ։