Ի՞նչ է պետք, որպեսզի որևէ բան՝ լինի դա ինչ-որ գործունեության տեսակ, արվեստի գործ, թե ընկերություն, դասվի լավագույնների շարքում։ Որո՞նք են այն գործոնները, որ տարբերակում են պարզապես լավը՝ հիրավի լավագույնից։ Ջիմ Քոլինզն իր` «Լավից դեպի լավագույնը. ինչո՞ւ են որոշ ընկերություններ թռիչքաձև աճ գրանցում...իսկ որոշները՝ ոչ» գրքում պարզաբանում է, թե որ գործոններն են բիզնեսը դարձնում լավագույններից մեկը։
«Լավից դեպի լավագույնը» աշխարհահռչակ գիրք է, որն արդեն երկար տարիներ հայտնի է բիզնեսի ղեկավարների և մենեջերների շրջանում։ Այս գրքի հաջողությունը հեղինակի վաստակն է։ Գրքի ստեղծմանը նա մոտեցել է որպես մի խոշոր և լուրջ գիտական հետազոտության, որին իր թիմի անդամների հետ միասին նվիրել է ավելի քան մեկ տարի։ Ուսումնասիրվել են բազմաթիվ հաջողակ ընկերություններ, հսկայական քանակությամբ մենեջերների կենսագրություններ և գործունեություն, ինչպես նաև գիտական աշխատություններ։ Այդ ամենն արվել է այն նպատակով, որ տեղեկատվություն հավաքվի մեծագույն բիզնեսների ստեղծման, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են ձևավորվում հաջողակ ղեկավարները։
Հայտնի խոսք կա՝ «լավը» կարող է «լավագույնի» թշնամին լինել՝ մեզ հետ պահելով ավելիին ձգտելուց։ Մենք բավարարվում ենք մեր ունեցածով, որը միջինից բարձր է, սակայն բացառիկ չէ։ Բիզնեսի աշխարհում որոշ ընկերություններ ի սկզբանե բացառիկ են, սակայն շատերը ստիպված են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի դառնան պարզապես «լավը»։ Միայն որոշներին է հաջողվում հասնել բացառիկության։ Մյուսները մնում են լավի կատեգորիայում՝ անզոր կատարելու այդ վերջնական շրջադարձը, որը նրանց կառանձնացնի մեծամասնությունից։ «Լավից դեպի լավագույնը» օգնում է հասկանալ, թե որոնք են լավագույն ընկերություններին մյուսներից տարբերակող գործոնները։