Մեզնից շատերը սխալ են հասկանում ոչ ասելու նշանակությունը՝ կարծելով, որ դա վատ է, և որպես արդյունք՝ մենք չափից ավելի շատ պարտականություններ ենք վերցնում մեզ վրա: «Սահմաններ» գրքում քննարկվում է մեր անձնական սահմանները գծելու անհրաժեշտությունը, դրանց կարևորությունը և սահմանների հետ ի հայտ եկող տարատեսակ կոնֆլիկտների հաղթահարման ուղիները։ Գիրքը սովորեցնում է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա իր սեփական սահմանները և միաժամանակ սովորի հարգել դիմացինի սահմանները։
Ազատությունն ու հավասարակշռությունը չեն կարող գոյություն ունենալ առանց անձնական տարածության հստակ գծված սահմանների։ Նրանք, ովքեր չեն կարողանում ոչ ասել, դժբախտ են, որովհետև մյուսներն առավելություն են ստանում նրանց նկատմամբ։ Դժբախտության ախտանշաններից են չգնահատված, չհարգված լինելու զգացումը, սթրեսը և տանն ու աշխատավայրում գերծանրաբեռնված լինելու հետևանք հանդիսացող հյուծվածությունը։
Հասուն հարաբերությունները ծաղկում են թափանցիկության և ազնվության մթնոլորտում: Աստծո կողմից մեզ համար նախատեսված պլանների մեջ է սահմաններ գծելը և այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք թույլ կտան աճել ու հասունանալ, իսկ այս գիրքը կօգնի հասնել դրան։
Դոկտոր Հենրի Քլաուդը և Ջոն Թաունսենդն առաջարկում են այս և այլ բարդ հարցերի` Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ։ Նրանք ցույց են տալիս ինչպես առողջ սահմաններ գծել մեր ծնողների, ամուսնու կամ կնոջ, երեխաների, գործընկերների և նույնիսկ ինքներս մեզ հետ։