Այս գիրքը գրելու համար հիանալի առիթ է ծառայել հենց հեղինակի հղիությունը: Էմիլի Օսթերը պատասխանում է միլիոնավոր կանանց հարցերին և բացահայտում հղիության ու ծննդաբերության հետ կապված միֆերը: Էմիլին բժիշկ չէ. նա տնտեսագիտության պրոֆեսոր է: Հիմնվելով տեղեկությունների վերլուծության ժամանակակից տնտեսական գործիքների և անձնական փորձի վրա՝ հեղինակը համեմատում է բազմաթիվ հետազոտությունների արդյունքները, բերում փաստեր և վիճակագրություն, բայց ընտրությունը թողնում ընթերցողին: Եթե հղի եք կամ պլանավորում եք հղիություն, ապա լսե՛ք այս աուդիոսեղմագիրը: Այն թույլ կտա ձեզ պահպանել հանգստությունն ու վստահությունը:
Այս գիրքը լրացնում է մասնագետի խորհրդատվությունը, բայց չի փոխարինում դրան: Հեղինակի նպատակն է օգտակար, բայց ընդհանրական բնույթի տեղեկություններ փոխանցել քննարկվող թեմայի մասին: Եթե բժշկական բնույթի խորհուրդների կարիք ունեք, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ:
Օսթերի նպատակն է հղիներին ապահովել փաստերի վրա հիմնված արժանահավատ տեղեկություններով: Երեխայի սպասող ցանկացած մայրիկ ավելի քիչ կանհանգստանա և կկարողանա անհոգ հղիություն վայելել, եթե տեղեկացված լինի: