Պատահե՞լ է՝ վերցնեք հեռախոսը՝ պարզապես «ստուգելու», թե ինչ է կատարվում աշխարհում, և քառասուն րոպե անց հանկարծ հասկանաք, որ անիմաստ թերթում եք սոցցանցերում ձեր էջերը։ Մինչդեռ ժամանակն արդեն հետ չես բերի։ Վստահաբար, շատերս ենք ամեն օր նույն ծուղակում հայտնվում։ Ավելին՝ մարդկանց մեծ մասն արթնանալուց հետո առաջին հերթին ձեռքը հեռախոսին է մեկնում, իսկ քնելուց առաջ վերջին գործողությունը կրկին հեռախոսը ստուգելն է։ Մի՞թե սա է մեր ուզածը։
Մրցանակակիր լրագրող Քեթրին Փրայսն արդյունավետ լուծումներ է առաջարկում այս համամարդկային խնդրին։ Նրա պրակտիկ խորհուրդները կօգնեն նախ՝ խզել հարաբերությունները հեռախոսի հետ, ապա՝ լիովին նոր հարաբերություններ կառուցել։ Ո՞րն է նպատակը, կհարցնեք դուք։ Պատասխանը մեկն է ու հստակ. երկարաժամկետ ու առողջ հարաբերությունների ստեղծումը ձեր հեռախոսի հետ։
Ժամանակակից աշխարհում, երբ ժամանակը կարևորագույն ու սահմանափակ ռեսուրսներից մեկն է, տեխնոլոգիաներից կախվածությունն իսկական սպառնալիք է դարձել։ Տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, և պարտադիր չէ դրանցից ամբողջովին հրաժարվել։ Պարզապես պետք է առավելագույնը քաղեք հեռախոսից և այն ժամանակը, որ ծախսում եք դրա վրա, օգտագործեք արդյունավետորեն։