Ձեզնից շատերը հավանաբար լսել են «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքի մասին:
Հեղինակը բրիտանացի պրոֆեսոր Քլայվ Սթեյփլս Լյուիսն է: 1950 թվականին տպագրված գիրքը, որը «Նարնիայի քրոնիկոնը» ցիկլի առաջին հատորն է, դարձել է մանկական գրականության դասական:
Սակայն քչերը գիտեն, որ Քլայվ Լյուիսը միայն մանկագիր չէ: Նա նաև աստվածաբան է, ունի հոգևոր թեմաներով աշխատություններ: Լյուիսը հայտնի է որպես ապոլոգիստ, այսինքն՝ մարդ, որ հարում է քրիստոնեությանը` հիմնվելով տրամաբանական փաստարկների վրա:
«Զուտ քրիստոնեությունը» Քլայվ Լյուիսի ամենահայտնի գործերից է: Բաղկացած է չորս գրքից, որոնցում հեղինակը նպատակ ունի փարատելու մարդկանց կասկածն առ այն, որ Աստված գոյություն ունի և իր միակ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ուղարկել է աշխարհը փրկելու համար: Գիրքը սկսվում է Աստծո գոյությունը տրամաբանորեն ապացուցելուց, ապա անցնում այն հիմնասյուների քննությանը, որոնց վրա հենված է քրիստոնեական դավանանքը: