Հավանաբար լսած կլինեք աստվածաշնչյան պատմությունը երիտասարդ Դավիթի մասին, որ պարսատիկով ու ընդամենը մեկ քարով տապալեց հսկա Գողիաթին։ Դավիթի և Գողիաթի մենամարտը խորհրդանշում է պայքարը թույլերի և հզորների միջև։ Այս պատմության մեջ կատարվածն անհավանական է թվում, թեև անհավանականը շատ ավելի հաճախ է տեղի ունենում, քան մենք ենք կարծում։
2013 թվականին տպագրված «Դավիթ և Գողիաթ. ենթադրյալ պարտվողները, անպատրաստներն ու հսկաներին հաղթելու արվեստը» կանադացի լրագրող և բեսթսելերների հեղինակ Մալքոլմ Գլադուելի հինգերորդ գիրքն է։ Էսսեների, տարբեր դեպքերի ուսումնասիրությունների, օրինակների միջոցով Գլադուելը մարտահրավեր է նետում ընթերցողների՝ խոչընդոտների նկատմամբ ունեցած ընկալումներին։
Գրքում հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են թերությունները երբեմն վերածվում առավելությունների։ Նա պնդում է, որ ենթադրյալ պարտվողները հաջողության են հասնում այն պատճառով, որ գիտեն իրենց թույլ կողմերը և մտածում են քառակուսուց դուրս՝ առաջին հայացքից անհնարին թվացողը հաղթահարելու համար։