Ջեյմս Քլիըրի՝ 2018 թվականին լույս տեսած «Ատոմային սովորություններ» գիրքը ուղեցույց է լավ սովորություններ ձեռք բերելու և վատերից ձերբազատվելու մասին։ Հիմնվելով գիտական հետազոտությունների ու իրական կյանքից վերցրած օրինակների վրա՝ Քլիըրը ցույց է տալիս, թե ինչպես վարքագծային փոքր փոփոխությունները կարող են հանգեցնել նոր սովորությունների ձևավորմանը և օգնել ձեզ մեծ նվաճումների հասնել։
Այո՛, հենց փոքր փոփոխություններից են սկիզբ առնում ավելի մեծ ու հզոր փոփոխությունները։ Այս խիստ պրակտիկ գրքում ներկայացված դրույթները Քլիըրը կառուցում է նշված գաղափարի շուրջ։ Նա բացատրում է, թե ինչն է մոտիվացնում մարդուն որոշակի վարքագիծ դրսևորելու։ Սրանով հեղինակը նպատակ ունի ցույց տալու մարդկանց, թե ինչպես կարող են բարելավել իրենց կյանքը։
Նախ՝ եկեք հասկանանք, թե ինչ են սովորությունները։ Ըստ սահմանման՝ դրանք վարքագծի ձևեր են, որոնք դրսևորում ենք ինքնաբերաբար՝ առանց մտածելու կամ քիչ մտածելով։ Սկսած առավոտյան արթնանալուց հետո սուրճ պատրաստելուց մինչև քնելուց առաջ ատամները լվանալը՝ մեր սովորություններն աննկատ ուղղություն են տալիս մեր առօրյային։
Արդյունքում դուք կարող եք չգիտակցել, թե որքան մեծ ուժ ունեն դրանք։ Ամեն օր կրկնելու դեպքում նույնիսկ ամենափոքր գործողությունները, օրինակ՝ մեկ դոլար խնայելը կամ ընդամենը մեկ ծխախոտ ծխելը, կարող են մեծ ուժ կուտակել և հսկայական ներգործություն ունենալ մարդու վրա։ Այսպիսով՝ սովորությունները հասկանալն ու ընդունելը հրաշալի միջոց են ձեր կյանքի ղեկը ձեր իսկ ձեռքում պահելու և էլ ավելի մեծ նվաճումների հասնելու համար։