Ռիչարդ Կոխը բեղմնավոր գործունեություն ծավալած գրող է, ներդրող, գործարար և խորհրդատու, որը տարածել է 80/20 սկզբունքը՝ հայտնի նաև Պարետոյի սկզբունք անունով։
Իր կարիերայի ընթացքում իտալացի տնտեսագետ Վիլֆրեդո Պարետոն (1848-1923) ուսումնասիրել է տարբեր երկրների տնտեսությունները և ռեսուրսների բաշխումը։ Արդյունքում նա գտել է կրկնվող օրինաչափություն․ ցանկացած երկրի հարստությունը կառավարվում է մարդկանց փոքրամասնության կողմից։ Այս բացահայտումը տարավ կոնցեպտի հետագա ուսումնասիրությանը, և նա հասկացավ, թե որքան տրամաբանական է այդ սկզբունքը։
Պարետոն, սակայն, մինչև վերջ չէր հասկացել այդ օրինաչափությունը։ Հետագայում այլ հետազոտողներ նույնպես բացահայտեցին այն՝ չանդրադառնալով Պարետոյի նյութերին։
Սկզբունքը ենթադրում է, որ ջանքերի 20%-ն ապահովում է արդյունքների 80%-ը։ Հայտնի է, որ նման հարաբերակցությամբ է բաշխվում համաշխարհային կապիտալը հարուստների և աղքատների միջև։ Բացի այդ՝ ընկերությունների եկամուտների 80%-ը ապահովում են հաճախորդների 20%-ը։ Նշանակում է՝ կարելի է հասնել ավելիի՝ ներդնելով ավելի քիչ ջանքեր, ծախսելով ավելի քիչ ռեսուրսներ։ Պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է։ Պարետոյի կանոնն աշխատում է մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Ռիչարդ Կոխը բացատրում է, թե ինչպես կանոնավոր կերպով օգտագործել ամենաարդյունավետ մարդկանց սկզբունքները։
Այսպիսով՝ Պարետոյի օրենքը սովորաբար կիրառվում է վաճառքներում, հաճախորդների և ապրանքատեսականու վերլուծության ժամանակ։ Սակայն 80/20 սկզբունքը կիրառվում է նաև անձնական կյանքում և մենեջմենթում, ներառյալ՝ առաջնահերթությունների սահմանումն ու աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության ապահովումը։
80/20 սկզբունքը պարտադիր չի նշանակում, որ արդյունքների 80%-ին կարելի է հասնել ջանքերի 20%-ով։ Տոկոսային հարաբերակցությունը ոչ միշտ է պահպանվում, սակայն որոշ գործողություններ անփոփոխ կարևորություն ունեն ընդհանուր համատեքստում։
Ի՞նչ է դա նշանակում։ Հասկանալով 80/20 սկզբունքը՝ դուք կկարողանաք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ձեր ժամանակն անձնական և մասնագիտական կյանքում։ Ըստ էության, սկզբունքն օգնում է հասկանալ, թե ինչին է պետք ավելի շատ ժամանակ տրամադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար։