Մայքլ Բունգեյ Սթանիերի «Քոուչինգը՝ որպես սովորություն» բեսթսելերը գործնական ուղեցույց է, որի նպատակն է օգնել առաջնորդներին և մենեջերներին դառնալ ավելի արդյունավետ քոուչներ։
Մարդկանց մեծ մասն իրենց կյանքում գոնե մեկ անգամ աշխատել է քոուչի հետ՝ լինի երաժշտության ուսուցիչ, սպորտային մարզիչ, թե աշխատավայրի մենեջեր։ Եթե բախտը ժպտացել է ձեզ, ապա ձեր քոուչը փոխանցել է ձեզ այն բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ խնդիր լուծելու համար։ Բացի այդ՝ նրա օգնությամբ դուք դարձել եք ավելի լավ մարդ։
Ցավոք, քչերին է վիճակվում նման փորձառություն ունենալ։ Աշխատակիցների մեծ մասը պնդում է, որ իր աշխատանքն էականորեն չի բարելավվել քոուչինգի արդյունքում։
Շատերը պարզապես չեն կարողանում ճիշտ ձևով իրականացնել քոուչինգը կամ ընդունել դրա տվածը։ Առանձնացվում է վատ քոուչինգի երեք արատավոր շրջան։ Առաջին՝ քոուչը որակավորված չէ։ Երկրորդ՝ նա բավականաչափ ժամանակ չունի յուրաքանչյուր թիմակցին անհատական վերաբերմունք ցույց տալու համար։ Երրորդ՝ քոուչի հաղորդագրությունը հստակ ու արդյունավետ չէ։
Ավելի լավ քոուչ դառնալու համար՝ ձեր աշխատակիցների մեջ սերմանե՛ք այնպիսի սովորություններ, որոնք կմնան նրանց հետ նաև նպատակին հասնելուց հետո։ Կարևոր է ոչ թե ասել մարդկանց, թե ինչ պետք է անել, այլ լսել նրանց գաղափարներն ու մոտեցումները սեփական նպատակներին հասնելու շուրջ։