Նրանք, ովքեր զբաղվում են նախագծերի կառավարմամբ, կամ առհասարակ կառավարմամբ, լավ գիտեն, թե որքան բարդ է կազմակերպել կանոնավոր թիմային աշխատանք։ Կարգուկանոնի բացակայության պատճառով մշտապես խափանվում են պլանները, թիմակիցները գրաֆիկից հետ են ընկնում, փողերն ու ժամանակը քամուն են տալիս, բյուջեն սպառվում է, տարբեր ենթաբաժինների առաջադրանքները կրկնվում են, մարդիկ վիճում են, չեն օգնում միմյանց, չնայած նրանց ջանքերը պետք է ուղղված լինեին միևնույն նպատակի իրագործմանը։
Բացի դրանից՝ պատվիրատուները հաճախ դժգոհում են պրոդուկտի վերջնական տարբերակից։ Սքրամ մեթոդը, որը մշակել են Ջեֆ Սադերլենդը և Քեն Շվաբերը, նախատեսված է այս բոլոր խնդիրները լուծելու համար։ Սքրամը պարզ համակարգ է, որը ստեղծված է՝ օգնելու փոքր թիմերին ստեղծել բարդ պրոդուկտ։ Սքրամը դասական, փուլային մոտեցման հակադրությունն է, որը սովորաբար կիրառվում է նախագծերի իրագործման համար։
Սքրամ մեթոդը կիրառում են բազմաթիվ ընկերություններում՝ ինչպես տեխնոլոգիաների ոլորտից, որտեղից այն ծագել է, այնպես էլ ավանդական, նույնիսկ ոչ կոմերցիոն ընկերություններում։
Մոտեցումը, որն ընկած է Սքրամ մեթոդի հիմքում, կարելի է կիրառել գործունեության տարբեր տեսակներում, որոնցում պահանջվում է թիմային աշխատանք։ Սքրամի կարևոր հատկանիշներից են ճկունությունը և դեպի հաճախորդն ուղղված լինելը, քանի որ այն ենթադրում է հաճախորդի ուղղակի ներգրավվածություն աշխատանքային գործընթացում։